Քրիստոսով քայլ առ քայլ գնում ենք Տիեզերական Թագավորություն, որը մենք պարտավոր ենք հնարավորինս լավ ճանաչել, քանի դեռ մարմնի կացարանում ենք բնակվում: Որովհետև մարմնի մահից այն կողմ հանկարծակի, երկրավոր ու մարմնավոր թանձր վարագույրը փշրվում է և ճշմարտության ճանաչողությունը բացվում և առաջանում է ցավն ու ափսոսանքը կորցրած մեր ժամանակի և հանցանքների պատճառով, որոնց համար յուրաքանչյուր մարդու պատիժ է սպասվում, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մահից հետո դատաստան է սկսվում», և եթե ճանաչողություն չունենք` ըստ այդմ` պատժի ծանր խնդիրներ մի՞թե չենք կուտակում այն կողմում ստանալու: Բնականաբա՛ր: Սուրբ հայրերն ու ճգնավորները հրեշտակների մասին խոսում են այնքա՜ն պարզ ու սովորական, առօրեականի մի հարաբերմամբ, որովհետև տեսնում էին նրանց ու զրուցում նրանց հետ, և հրեշտակները բազմաթիվ դժվար խնդիրներ պարզորեն մեկնում էին նրանց: Հաճախ մեզնից շատերին հրեշտակներն են ակնհայտորեն օգնում, ի բարին հուշում, սակայն քանի որ մեր ավելի մարմնավոր կյանքով ապրելու պատճառով ընդարմացել ու բթացել են մեր ըմբռնումներն ու հոգևոր տեսողությունը, ասում ենք` մեզ Աստվա՛ծ օգնեց: Սակայն հրեշտակների միջոցով օգնեց, հրեշտակներն այդ օգնությունը իրագործեցին, քանի որ Աստծուց նրանք են կարգված մեզ վրա դեպի բարին ընթանալու համար` Արքայություն գնացող ճանապարհի մեջ ծառայող հոգիներ, ինչպես Գիրքն է վկայում, թե նրանք որպես սպասարկող հոգիներ են, և անհաշվելի է նրանց քանակը: Նրանց իշխանություն է տրված մեզ օգնելու, ըստ Աստծո սահմանած իրավունքների և մեր ունեցած բանավոր սիրո, թեպետ Աստծուն ենք խնդրում: Իսկ Աստծուն տեսնում են նրանք, ինչպես Գիրքն է ասում, «ովքեր անեղծ սրտեր ունեն»: Սակայն հրեշտակների ճանաչումը քրիստոնյաներիս համար առավել ևս պատշաճ ու պարտավոր է, քանի որ Աստծո Թագավորությունն անփոփոխ է, բնականաբար, մենք պիտի նորոգվենք ու կերտվենք, փոփոխվենք, ըստ Նրա Թագավորության հնարավորինս լավ ճանաչելու, և ո՛չ թե Թագավորությունն է, ըստ ոմանց շեղ կարծիքների ու շեղագնա էլ խաբվածության, հարմարվելու մեզ: Ավետարանում Գաբրիել հրեշտակը սուրբ Մարիամին ավետիս բերեց, որ Սուրբ Հոգուց հղիանալով պիտի ծնի աշխարհի Փրկչին: Իսկ ծննդյան ժամին հրեշտակների երկնային զորքեր իջան ու երևացին հովիվներին և բարձրաձայն փառաբանում էին Աստծուն: Եվ Երկնքի Թագավորությունում ամուսնության մասին հարցնողներին Տերն այսպես պատասխանեց. այնտեղ ամուսնություն չկա, ոչ կինն է այր առնում, ոչ այրը` կին, այլ պիտի լինեն, ինչպես հրեշտակները երկնքում, որ նշանակում է, թե հրեշտակներն անսեռ են: Սակավ իմացողը, որ հավատ ունի և ուղիղ, անեղծ սիրտ, այս և այնկողմնայինում` ավելի մեծ ներման պիտի հանդիպի, քանի որ մաքուր մնալով` անմիջապես էլ կընդունի իր առջև բացվող ճշմարտությունները, և մեծ էլ ապահովության մեջ կլինի, բայց պատիժներ կլինեն նրանց հետ, ովքեր իրենց սիրտն ու միտքը վարժեցրել են շեղության, դիվական շահի կամ մեզ ապահովող ճշմարտությունների դեմ, ցավոք, դեռ սակավամտացած նայելով այն բաներին, որոնք իրենց ու ընկերակիցների փրկության համար հենարաններ են: Մենք այս զրուցաշարում խոսում ենք նման կարևոր խնդիրների մասին, որպեսզի, ինչում որ մինչ այժմ հակասում էինք Աստվածային լիարժեք և ուղիղ ճանաչողությանը, դրանք ընդունենք` գոնե երկնքի մանուկ լինելու չափ և այո՛ ասենք, և որ ավելի լավ է` ընդունենք այդ ճշմարտություններն ավելի առաջ, քանի դեռ մարմնի մահով չենք տեղափոխվել այնկողմնային չափումներ: «Իմ Հոր թագավորությունում բազում բնակավայրեր կան, և Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»,- Հովհաննեսի Ավետարանում խոստանում է Հիսուսը: Այսինքն, ոմանք այնկողմնայինում ապահով ձեռքերի տակ են հայտնվելու, ոմանք էլ հակասելու պատճառով` պատժապարտության: Բնականաբար և, երբ Աստծո Թագավորությունը մեզ համար թանկ է ավելի, քան ամենաթանկ որևէ երևույթ, ինչպես ասում էլ ենք, և եթե լուրջ ենք ասում, ապա մեզ համար ավելի թանկ կդառնա նաև մեր այսաշխարհային ժամանակը, որ աշխարհի հաճույքների մեջ կորցնելու և մսխելու փոխարեն, գոնե այբբենական չափով ջանանք հասունանալ, տիրապետել Աստծո Վարդապետության բավարար ճանաչողությանը, Թագավորությունը, ուր գնում ենք: Եվ եթե հավատով ու սրտով ուղիղ ենք, ապա Աստծո Հոգին մեզ, բացի Սուրբ գրքի ուղիղ ըմբռնումներից, կսկսի նույն խոսքն առանձին էլ ուսուցանել, ավելի պարզաբանված և մեր լսելիքին ավելի հասանելի, մեկնելով այն ամենը, որ հարկ է մեզ` «Տիրոջ կյանքի Որթատունկին ավելի լավ պատվաստվելու համար»: Ինչպես բողոքական եկեղեցուց առաքելական վերադարձած տիկնոջ համար է այդ հասկանալի լեզվով և սիրով արել:
Եվ քանի որ զրույցը հրեշտակների մասին է, ասենք, որ Աստծո հրեշտակները, որ սլանում են մտքի արագությամբ, որ հրանյութ են, որ մեզնից զորավոր են, որ անսեռ են, որ սիրով լիուլի լեցուն են, և սիրով լեցուն լինելով է, որ անկարիք են ու ծառայում են ի բարօրություն մեզ, ինչպես զորավոր դայակներն ու խնամակալները, իմաստուն պահապանները մարդու որդիների, քանի որ միայն մարդուն Աստված ստեղծեց Իր նմանությամբ և ազատ կամքով և մարդկանց Նա սիրում է Իր որդիների նման:
Աստված հրեշտակների մասին երբևէ չի ասում, թե նրանց սիրում է, քանի որ նրանք Աստծո կամքն ու հրամաններն են իրագործում, բայց զորությամբ ավելի տկարներին` մարդկանց, սիրում է որպես որդիների և դուստրերի: Սուրբ գրքից գիտենք, որ հրեշտակներից մեկն ըմբոստացավ Արարչի դեմ և իր մոլորեցրած հրեշտակների հետ անկում ապրեց: Եվ ըստ այդմ տարաբաժանվում են բարի և չար հրեշտակները: Տարաբաժանվում են նրանք իրենց գործերով ու վարվելակերպով:
Սակայն բողոքականների և այլ աղանդների կիսաշխարհիկ հոգևորը, ցավոք, շատ կարևոր խնդիրների հետ ցամաքեցնում են նաև հրեշտակների կենդանի ճանաչողությունը: Վերստին մեջբերում անենք բողոքական եկեղեցուց առաքելական վերադարձած տիկնոջ թելադրությունից, գրքույկ, որ գեղեցիկ, հաղթ ու հստակ լեզվով յուրովի մի փոքրիկ դասագիրք է, այբբենական ճանաչողության մի կրթարան, որ շատերին օգուտ կտա, եթե դավանմամբ կարդան, լրջորեն և ո՛չ թե հպանցիկ.
«Ե՛կ, որդիս, խաղաղվի՛ր, քո Հիսուսի մեջ: Ես քեզ կընտելացնեմ Իմ Որթատունկին, և դու նրան կպատվաստվես: Իմ սերը քեզ կօգնի: Լսի՛ր, թե ինչ է ասում Հիսուս Սքանչելի Խորհրդականը քեզ: Ես կամենում եմ խոսել Իմ սուրբ հրեշտակների և նրանց ծառայությունների մասին:
Իմ հրեշտակները կազմված են ինը դասերից.
1. բազմաչյա Քերովբեներ,
2. սրբասաց վեցթևյան Սերովբեներ,
3. անեղ Աստվածության Աթոռներ,
4. անփոփոխ Տերություններ,
5. անհաղթելի սուրբ զորություններ,
6. գերագույն Իշխանություններ,
7. անմարմին Պետություններ,
8. Բարձրյալի Հրեշտակապետեր,
9. հրեշտակների Զինվորություններ:
«...Հրեշտակները սպասավորող հոգիներ են, որ առաքվում են Աստծուց և սպասարկում մարդկանց, ովքեր փրկություն պիտի ժառանգեն» (Եբր. 1:14): Ես նրանց տվել եմ փառք և զորություն: Նրանք անսեռ են, հոգեղեն, չեն ավելանում կամ պակասում: Նրանք անմահ էակներ են և միաբան են Իմ Թագավորության մեջ»:
Ապա գրքույկում խոսվում է այն մասին, որ Սուրբ գրքից գիտենք, թե Գաբրիել հրեշտակապետը Ավետաբեր է, իսկ Միքայել հրեշտակապետին իշխանություն է տրված մարդկանց որդիների վրա. «Նա մարտնչող զորքերի հրեշտակ է և նրա դերը մեծ է երկնքում և երկրի վրա»: Ապա չարի դեմ պատերազմող հրեշտակների մասին մեջբերվում է Հայտնության գրքից. «Եվ պատերազմ եղավ երկնքում. Միքայելը և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ. և պատերազմեցին վիշապը և իր զորքերը: Եվ չկարողացան դեմ կենալ, և ո՛չ էլ տեղ գտնվեց նրանց համար երկնքում: Եվ վայր գցվեց մեծ վիշապը` այն առաջին օձը, որ բանսարկու և սատանա է կոչվում (Հայտ. 12): Գաբրիել և Միքայել հրեշտակապետերն ունեն Աստծո Զորությամբ տրված իշխանություն` մարտնչելու և հաղթելու սադայելին և նրա զորքերին ...Երկինքը լի է հրեշտակներով... և այս ինը դասերը, ըստ իրենց կարգի, բաժանված են բազմազան ծառայությունների` աստվածային կարգավորությամբ: Նրանք բյուր բյուրավոր են, նրանք աներկմիտ սպասավորներն են Աստծո, որ ամբողջական նվիրումով և ենթակայությամբ ծառայում են Նրան: Ինչպես ծառան, որ չունի ազատ կամք, ըմբոստությամբ կարող է դուրս գալ ծառայությունից և Տիրոջ բարկությանն արժանանալ, այդպես էլ հրեշտակները կարող են հրաժարվել ծառայությունից: Ինչը և կատարվեց երկնքում: Եվ Աստված վայր նետեց ըմբոստացած հրեշտակապետին` իր ըմբոստ հետևորդներով` անեծքի խավար անդունդը (Եսայի 14:15)»: Այնուհետև, գրքույկի այս բաժնում խոսվում է Ադամի, նույնն է` մարդու անկման մասին, և ում Աստծո հրեշտակները ծառայում էին, նա ինքը մեղք գործեց ու դարձավ մեղքի ծառան: Եվ այդ մեծ անկում էր, քանի որ մարդը որպես որդի էր Աստծուն, և քանի որ Նա միայն մարդուն է իր նմանությամբ ստեղծել: Եվ այդ մեղքն այն բանին հանգեցրեց, որ կամեցավ Աստծո տեղը գրավել, ուզեց. «...որդին հոր փոխարեն թագավորել և անեծք ճաշակեց, բայց քանի որ որդի էր, գտավ ողորմություն, և կատարվեց զարմանալին, անքննելին. Աստված` Անեղը, որպես որդի մարդացավ, իջավ ծառայության համար և մարեց պարտքերը` ազատելով մարդուն մեղքի ծառայության լծից...»: Սուրբ գրքից գիտենք, որ Աստծո հրեշտակները մասնակից են փրկության այդ բոլոր գործընթացներին, իսկ գրքույկում, հստակ, ընդհանրական պատկերումով մեզ ճանաչեցվում են հրեշտակներն իրենց բուն էությամբ. «Հրեշտակները Աստծո սիրո կրողներն են, Նրա սիրո մտահղացումը, նրանք Աստծուց մարդուն ուղարկված մատակարարողներ են և փոխադարձաբար, մարդուց Աստծուն մատակարարողներ: Նրանք պատերազմում են, պահպանում, կառուցում: Մանուկ հրեշտակները հավատք մատակարարողներ են, զվարթ ողջունողներ: Հրեշտակներն աղոթքներ հավաքողներ են և դրանք Աստծուն մատուցողներ: Անթիվ և անհամար են նրանց ծառայությունները: Նրանք նախընտրում են այլընտրանք չունենալ, բացի նրանից, ինչի համար ստեղծված են, և այդպիսով հրաժարվում են ազատ կամք ունենալուց: Նրանք աներկբա սիրում են իրենց որպիսությունը և Աստծո նախախնամությունը: Հրեշտակները նաև Աստծո բարկության իրականացնողներն են: Նրանք բոցեղեն են, հրանյութ: Մարդկանց վրա կարգված պահապան հրեշտակները մեծ խնամակալներ են: Մարդկանց մեղքերի պատճառով պահապան հրեշտակներն ամոթով են մնում և զրկվում Աստծո երեսը տեսնելուց»:
Այստեղ հիշենք, որ Հիսուս մանկանց համար ասաց. «Նրանց հրեշտակներն ամեն օր տեսնում են Իմ Հոր երեսը»: Ապա շարունակենք մեջբերումը. «Հրեշտակները ծածկում են իրենց աչքերն աշխարհի ապականությունների առաջ և ականջները` աստվածանարգության առաջ, ողբում մեղավորների համար, իսկ դարձի եկածների համար` ուրախանում ու ցնծում են արդարների համար: Նրանք գերբնական են, զորավոր, մեծասլացք, փառքով պարուրված: ...Նրանք նաև մեծ բարեխոսներ են, նրանք անդադար բարբառում ու բարեխոսում են ձեզ համար. «Ողորմի՛ր, Դո՛ւ ստեղծեցիր, կորստյան մի՛ մատնիր, Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր»: ՈՒրեմն, դուք էլ մի անտեսեք նրանց մեծ ծառայությունները և կանչեք նրանց բարեխոսությունը նույնպես, որովհետև Ես եկել եմ երկիրը երկնքին և երկինքը երկրին միացնելու համար: Դա փառավորում է ինձ: Միաբանությունը շղթայում է սատանային և նրան պարտության մատնում:
Ե՛կ, աղոթիր.
Անեղ, Անմահ Արարչի անմարմին սպասավորներ,
Վերին զորքերի դասապետություններ,
Աթոռներ, Քերովբեներ և Սերովբեներ,
Տերություններ, Զորություններ և Իշխանություններ,
Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ,
Միքայել, Գաբրիել, վերին զորքերի դասերի պետեր,
Որ անլռելի ձայնով փառաբանություններ եք մատուցում Ամենասուրբ Երրորդությանը և երեքսրբյան ձայնով երգելով ասում. «Ողորմի՛ր, Դո՛ւ ստեղծեցիր, կորստյան մի՛ տանիր, Քո ձեռքի գործը մի անտեսիր», օգնական և պահապան եղեք Աստծու ծառայիս. ամե՛ն»:
Ասենք, որ գրքույկի ուսուցումները համախոս են Սուրբ գրքին և սուրբ հայրերի մատյանների հայտնատեսությանն ու պարզաբանումներին:
Իսկ ավարտին, ինչպես պիտի անենք, որ Աստծո և չարի հրեշտակների դրդումները տարբերենք: Եթե մեր աղոթքները ըստ Աստծո Ավետարանի են, պատշաճ ու առաքինի վարքերի համար, ապաշխարության համար և երկնքի արքայությանն արժանանալու բարեվարք ընթացքների, ծոմ ու պահքերով աղոթելով, ողորմածություններ անելով և կամ, ըստ սիրո երկու ամենակարևոր պատվիրանների, թե պիտի սիրենք Աստծուն ամեն բանից առավել և պիտի սիրենք մեր ընկերներին` մեր անձերի նման, ապա և բնականաբար, Աստծո հրեշտակներն են մեզ հետ հարաբերվում: Տա՛ Աստված, ջանք անենք մշտապես և ամեն օր այդպես ապրենք և սրբապահություններով աղոթենք, լիուլի լցվելով Աստծո խնամարկու բազմազան շնորհներով: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ